Կայքի հղումներ

    

Մզկիթներ

     Աղոթատեղիները մարդու ստեղծած առաջին շինություններից են, որոնցում մարդն աղոթում ու հաղորդակցվում է Աստծո հետ: Տարբեր կրոնների հետևորդներ ունեն իրենց յուրահատուկ աղոթատեղիները՝ հեթանոսական տաճարները, սինագոգները, եկեղեցիներն ու մզկիթները, որոնք հերթականությամբ պատկանում են զրադաշտներին, հրեաներին, քրիստոնեաներին ու մահմեդականներին:

   Մահմեդականները մզկիթը Աստծու տունն են համարում, որտեղ նամազ են կարդում և սովորում Ղուրանի ընթերցումը:

    Պարսկական մզկիթներն այն կարևոր կառույցներն են, որոնք արտացոլում են պարսիկ ճարտարապետների շնորհն ու ճաշակը, ուստի, ծանոթանալով պարսկական մզկիթներին՝ հնարավոր կլինի ճանաչել նաև  պարսկական արվեստի խոշորագույն մասը:

 

 Մզկիթների կառուցվածքը

   Մզկիթների ճարտարապետությունը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել: Այդուհանդերձ, կան մի շարք հիմնական բաժիններ, որոնք յուրահատուկ են նրանց բոլորին: Դրանք են՝ մզկիթի սահնը, էյվանը, գմբեթը,  մինարեթը, շաբեսթանն ու մեհրաբը:


Երևանի «Կապույտ մզկիթը»

        Երևանի տեսարժան վայրերից մեկը՝ «Կապույտ մզկիթը», շատերին է հայտնի՝ որպես մուսուլմանական աղոթատուն. չկա մեկը, ով նկատած չլինի Մաշտոցի պողոտայում գտնվող այս գույնզգույն շինությունը, որն անմիջապես գրավում է քաղաքացիների ուշադրությունը:

 

   Այս մզկիթը, որը հայտնի է Երևանի Կապույտ մզկիթ անվամբ, կովկասյան տարածաշրջանի ամենամեծ մզկիթներից է: Կոմունիստական կարգերի օրոք այն մոռացության էր մատնվել և մոտ 70 տարի որպես անգին մի գոհար թաղված էր մառախլապատ ամպերի մեջ:

   Հայաստանի անկախացումը հանդիսացավ Իրանի Իսլամական Հանրապետության և այս երկրի միջև հարաբերությունների հաստատման միջոց: ԻԻՀ դեսպանատունը ՀՀ կառավարության և ղեկավարների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումների արդյունքում ստեղծեցին նախադրյալներ՝ իրանական ճարտարապետության համաձայն այս հիասքանչ իսլամական կոթողի վերակառուցման և վերանորոգման համար:

Մզկիթի պատմությունը

    Ըստ Հայաստանի պետական թանգարանում առկա փաստաթղթերի Երևանում մուսուլմանների կողմից կառուցվել են թվով 7-8 մզկիթներ և իսլամական հոգևոր մի քանի այլ կառույցներ, որոնք քաղաքական իրավիճակի և  կառավարման համակարգերի  փոփոխության արդյունքում մատնվել են բացարձակ անուշադրության կամ հիմնովին ավերվել:

 

 Մադամ Դելանովայի ճամփորդական գրառումներում կա մի երևանյան լուսանկար, որում երևում է մի մզկիթ, սակայն ոչ կենտրոնականը, և այս փաստը վկայում է Երևանում առկա այլ մզկիթների մասին:

     Հիմնովին ավերվեցին«Թափե Բաշ»(հիմն. 1678 թվ),«ՋաՖար»(հիմն. 1898 թվ) և 18-րդ դարին պատկանող «Սարթափե» մզկիթներն ու մյուս իսլամական կառույցները:



  Իհարկե, մզկիթը թանգարանի կարգավիճակում բոլորովին չվերակառուցվեց, սակայն այս փաստն օգնեց, որպեսզի հիմնովին չավերվի որպես հոգևոր սրբավայր և պահպանվեց նրա հիմնական կառույցն ու տեսքը: Այսօրվա դրությամբ պահպանվել և  գործում է միայն մեկը, որը հայտնի է իբրև Երևանի կենտրոնական կամ Կապույտ մզկիթ: 

Երբեմն այն կոչում են նաև «Խանի մզկիթ»: Կոմունիստական իշխա-

նության օրոք ծառայելով որպես Երևանի պատմության և բնության թանգարան՝ այն փրկվեց ոչնչացման վտանգից: Իսկ մզկիթի բակն այս ժամանակահատվածում ծառայում էր որպես հայ մտավորականների և գրողների հավաքատեղի:

     Կապույտ  մզկիթը   կառուցել  է  Երևանի նահանգապետ  Հուսեյն-Ալի խանը  1766 թվականին (հիջրեթի  1179 թվական)՝  Զանդյան դինաստիայի կառավարման վերջին տարիներին: 18-րդ դարի երկրորդ կեսին նա հանդիսանում էր Երևանի Էմիրների Էմիրը կամ Բեգլեր Բեգին: Այս խանի մասին հիշատակություն կա Աբուհասան ՂաՖարի Քաշանիի «Գոլշեն Մորադ» գրքում, որում ինչ- որ չափով արտացոլված են Քյարիմխան Զանդի կենսագրությունն ու ժամակաշրջանը: Քաշանին,  նկարագրելով 1796 թվականի իրադարձությունները նշում է նաև Հոսեյն Ալիխանի անունը: Մզկիթի  հարավային  դարպասի  ճակատին դրա կառուցողը  թողել  է  մի  արձանագրություն,  որի  վերջում  հիշատակվում  են  նրա  անունն  ու մզկիթի  կառուցման  թվականը: Հարկ է նշել, որ հետազոտողներից Հովհ. Շահխաթունյանցը արձանագրության  մեջ  հիշատակված  մզկիթի կառուցման թվականը կարդացել է  ոչ  թե  1179 (հիջրեթի), ինչպես  այն  կա, այլ՝ 1186 (հիջրեթի), իսկ  Լինչը  նշում  է,  որ մահմեդական  հոգևորականները  մզկիթի կառուցումը վերագրում են Նադիր-Շահի  ժամանակներին (1736-1747թթ.):

 

 

   Երևանի պատմության թանգարանից և ազգային արխիվից հավաքված լուսանկարներն ու պատկերները ցույց են տալիս, որ Երևանի կենտրոնական

  մզկիթը մինչև 1951 թվականը գործել է որպես  մուսուլմանների հոգևոր ճեմարան և կրոնական սրբավայր:


     Այս մզկիթն առաջին անգամ վերանորոգվեց 1907-1910 թթ-ի ընթացքում (Հիջրայի 1325-1328 թթ): 


  

 

Դա առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսաստանում կոմունիստական կարգերի հաստատման ժամանակահատվածն էր, 

իսկ կոմունիստական կարգերի աստվածամերժ քաղաքականության արդյունքում այն կրկին մատնվեց անուշադրության և զերծ մնաց որևէ հոգածությունից:

    Այս գործոնը նոր  կոմունիստական և խորհրդային կարգերի քաղաքականության ծրագրերի արդյունքում, ինչպիսին էր օրինակ Երևան քաղաքի կենտրոնական նախագծի իրականացումն  ու նոր պողոտաների կառուցումը, հատկապես մզկիթի հյուսիս - արևմտյան հատվածում, որը ներկայումս հանդիսանում է մզկիթի գլխավոր մուտքը, մզկիթի որոշ հատվածներ քանդվեցին և ավերվեցին: Այսինքն, ավերվեց մզկիթի միակ մուտքը և վերածվեց մի մութ ու նեղ միջանցքի:

Երևան քաղաքի ընդհանուր նախագծի հետ կապված այս բոլոր խնդիրներին ավելացավ նաև հարակից փողոցների մակարդակի բարձրացումը մոտ 2 մետրով, որի արդյունքում մզկիթը հայտնվեց փոսի մեջ:

 Շրջակա հողերի խոնավության պատճառով շինության արևելյան և արևմտյան հատվածների ներսի պատերը, կամարներն ու սենյակները քայքայվեցին:

Ուժգին խոնավությունն և անձրևները պատճառ հանդիսացան, որպեսզի մզկիթի պատերին և տանիքին խոտեր և անգամ մեծ ու փոքր ծառեր աճեն:

 Տիրում էր այնպիսի խոնավություն, որ համապատասխան մասնագետների կարծիքով անհրաժեշտ էր շինությունը հիմնովին քանդել և կառուցել նորը: Սակայն Աստծո կամքով, բարեգթությամբ և հոգևոր առաջնորդի ուխտով այս մզկիթը պահպանվեց և վերակառուցվեց:




 
Մզկիթի վերակառուցման գործընթացը 

     ԽՍՀՄ - ի փլուզումից և 1991 թվականին այս երկրում անկախ հանրապետության հաստատումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունն ու դրա արդյունքում երկու երկրների  միջև հաստատվեցին քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններ: 1995 թվականի հոկտեմբերի 13-ին (Հիջրայի 1374 թվականի մեհրի 21 - ին) կնքվեց Կապույտ Մզկիթի վերակառուցման և վերանորոգման և ՀՀ- ում ԻԻՀ դեսպանատանը հանձնման պայմանագիր՝ մշակութային օջախ ծառայելու

նպատակով:

   Մզկիթի վերանորոգման աշխատանքներն իրականացվեցին Իրանի իսլամական հեղափոխության «ՄոսթազաՖան և Ջանբազան» հիմնադրամի հանգանակությամբ:

 Վերականգնման և վերանորոգման աշխատանքների պատասխանատվությունը ստանձնեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահպանության գրասենյակի մասնագետները: Աշխատանքները սկսվեցին 1996 թվականի հուլիսին:

    1999 թվականի ամռանը Երևանում հիմնվեց ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոն և ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի գրասենյակի և ՙՄոստազաՖան և Ջանբազան՚ հիմնադրամի տնօրենների որոշմամբ մզկիթի պահպանման և վերահսկման պարտականությունը փոխանցվեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնին:

 

  

Մզկիթի տվյալները

 

     Երևանի կենտրոնական մզկիթը զբաղեցնում է 7000 քառ. մ ընդհանուր տարածք (70 X 100 մմ), ունի 28 սենյակ՝ բակի աջ և ձախ կողմերից յուրաքանչյուրում 14 սենյակ:

   Մզկիթի ներքին խորանը ունեցել է 70 X 50 մմ տարածք, իսկ հարավ-արևմտյան հատվածում գտնվող մինարեթի բարձրությունը 24 մ է: Մզկիթի գմբեթն ունեցել է կապույտ գույն, որի համար էլ սրբավայրը կոչել են«Կապույտ մզկիթ»:

  Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև ամենամեծն էր: Նա մի քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեով. և լայնանիստ գմբեթով: Աղյուսակերտ է և մինարեն:

   Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով: Բուն մզկիթի շինվածքները գտնվում են երկնագույն հարավային և հյուսիսային կողմերում, իսկ թևերում և դիմացը կառուցված են օժանդակ մի շարք մանր շենքեր ու խցիկներ, որոնք բուն մզկիթի հետ միասին շրջապատում են մի քառակուսի գեղեցիկ ու ընդարձակ բակ: 

Վերջինիս կենտրոնում կառուցված է մի փոքրիկ ջրավազան, որի շուրջն ընկած է ստվերախիտ ծառերով ծածկված լայն ու խնամքով սալահատակված հրապարակը:

Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային: Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում: Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ: Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա գմբեթը: Դրան կից եղած մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն: Դահլիճներն ընդհանրապես անզարդ են, կառուցվածքով պարզ և  հասարակ կահավորումով:

Զարդարված են միայն դահլիճների՝ դեպի բակը բացվող լուսամուտները: Իսկ դրանց զարդն էլ կազմում են գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը:

Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը, որն իր մեծությամբ ու շքեղությամբ հարավային կողմում եղած մզկիթի հետ չէր կարող նույնիսկ համեմատվել: Մինարեն հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից: Նրա գագաթից երեւանի մուսուլման հասարակությանը ամեն օր աղոթքի է հրավիրել «մոազենը»՝աղոթքի հրավիրող անձը:

 

   

 

  

       Մշակութային միջոցառումներ Երևանի կենտրոնական մզկիթում

  Մզկիթում իրականացված մշակութային միջոցառումների շարքին կարելի է դասել մինչ օրս մզկիթում տեղի ունեցած տարբեր կրոնական արարողությունները, գրադարանի բացումը, պարսից լեզվի դասավանդման ազատ դասընթացները, լուսանկարների մշտական ցուցադրությունը և Երևանի կենտրոնական մզկիթի ինՖորմացիոն գրասենյակի հիմնումը:

  1. Հոգևոր և կրոնական միջոցառումների իրականացում.

Մզկիթի կարևորագույն գործունեություններից մեկը հոգևոր տոների և սգո արարողությունների իրականացումն է, որոնց մշտապես մասնակցում են բազմաթիվ իրանցիներ:

  1. Կենտրոնական մզկիթի գրադարանը.

Այն իր գրադարանային և Ֆոնդերի ձևավորման աշխատանքները սկսեց 1998 թվականի աշնանը, իսկ պաշտոնական բացումը եղավ 1999 թվականի գարնանը: Ներկայումս գրադարանի մշակութային, կրոնական, մանկական, գեղարվեստական, պատմական, քաղաքագիտական և այլ Ֆոնդերում պահպանվում է ավելի քան 7000 հատոր գիրք:

Ընթերցողներին գրքերով ապահովելուց բացի գրադարանն ունի ձայներիզների և տեսաերիզների հարուստ ընտրանի՝ առավել քան 500 տեսաերիզ և 400 ձայներիզ, որոնք պարբերաբար նորացվում և համալրվում են:

 
 
    1. Երևանի կենտրոնական մզկիթի լուսանկարների մշտական ցուցադրություն.
 

Ցուցադրությունը կազմակերպված է մզկիթի 4 սենյակներում: Ցուցադրված են մզկիթի հին և պատմական լուսանկարներ, ինչպես նաև վերականգնման գործընթացի պատկերներ: Չորս սրահներից մեկում ներկայացված են նաև Իրանի հայկական եկեղեցիները: Ամեն օր ցուցասրահ են այցելում բազմաթիվ հայեր և օտարերկրյա զբոսաշրջիկներ:

  1. Պարսից լեզվի ուսուցման դասընթացներ.

 

Երևանի կենտրոնական մզկիթի երեք սենյակները հատկացված են պարսից լեզվի ուսուցման դասընթացներին: Դասընթացները անց են կացվում ամեն օր՝ ժամը 14.00 – 20.00:

  1. Կենտրոնական մզկիթի անվճար տեղեկատվական կենտրոն.

Կենտրոնը գտնվում է մզկիթի արտաքին մասում՝կենտրոնական մուտքի մոտ: Բացի օտարերկրյա զբոսաշրջիկներին Երևանի կապույտ մզկիթի մասին տեղեկատվությամբ ապահովելուց, զբաղվում է նաև Իրան մեկնել ցանկացողների անհրաժեշտ ձևակերպումներով:

 

              Կապույտ մզկիթը նկարագրել են շատ-շատերը՝ Հաքստհաուզենը, Ե. Լաչինովը, Հովհ. Շահխաթունյանցը, Լինչը, Ուվարովան և ուրիշներ, որոնք նշել են նաև դրան կից գործող հոգևոր տարրական դպրոցի մասին:

     «Ակսել Բակունցի հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում եւ գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը՝ «պարսկական թեյ» խմելու: - Երեւան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի:- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել: Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը: Բայց ահա՝ 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռո՜ւ հիշողություն… Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով: Հեռո՜ւ հիշողություն»:

Հայ  բանաստեղծ,արձակագիր, գրականագետ Գուրգեն Մահարի

 

     «Քանդվել է հին, դարավոր Երևանը և օդի մեջ կանգնել է դարերի փոշին: Ամեն ինչ երևում է այդ փոշու միջով: Ինչպես ոսկե փոշի, մառախուղել է մթնոլորտը: Այդ փոշու միջով, հեռվում հազիվ երևում է Կապույտ մզկիթի պլպլան գմբեթն իր խայտաբղետությամբ: Կանգնել է հին Երևանի այդ խորհրդանշանն իր ողջ մեծությամբ և ականատես է լինում հին աշխարհի կործանմանը: Լռել է մինարեն: Էլ ոչ մի մոլլա նրա բարձրից ազանի չի կանչում Մահմեդական արևելքին: Հայաթում ինչպես մի քանի հարյուր տարի առաջ, այսօր էլ նիրհում է քառակուսի ավազանը, բայց նրա ափերին էլ չեն պսպղում նամազող հավատացյալները: Արձանի անշարժությամբ կանգնած են սաղարթախիտ թթենիները նրա հայաթում»:

Հայ  բանաստեղծ,արձակագիր, գրականագետ Գուրգեն Մահարի

 

«Բազարի մոտ, հրապարակի մեջ, կանգնել է Կապույտ մզկիթի մեծ շենքը աղյուսից շինված բարձր պատերով, որոնց վրա վերևում փոքրիկ պատուհաններ կան, ապակու փոխարեն լարացանցով ծածկված: Գիշերով Կապույտ մզկիթն անհրապույր է թվում իր երեք պատերով: Սակայն չորորդը,- ճակատը, տարբեր է մյուսներից: Այդտեղ, դռան երկու կողմերում, պատը զարդարված է գույնզգույն չինիի կտորներով: Գույնզգույն չինիի կտորներով են զարդարված նաև գմբեթն ու մինարեն: Արևոտ ցերեկով կամ լուսնյակ գիշերին, մզկիթի գմբեթն ու մինարեն գեղեցիկ են փայլում իրենց նախշերով և գույնզգույն, պարսկական տառերի նկարներով: Մզկիթի երկու փոքրիկ դարբասները, որ գտնվում են կողքի պատերի վրա, միշտ փակ են լինում: Բաց է միայն ճակատի դուռը, որը մի ծածկված միջանցքով տանում է ուղիղ դեպի մզկիթի հայաթը, որտեղ ծառեր կան և ծաղիկների մարգեր: Իսկ հայաթի կենտրոնում քառակուսի ավազանն է՝ - հավուզը: Հայաթի հարավային մասը գլխավոր մզկիթն է, - աղոթարանը, իսկ նրա դիմացի՝ հյուսիսային մասը, մյուս աղոթարանը: Արևելյան և արևմտյան պատերի վրա կան իրար նման քսան-քսանչորս փոքրիկ դռներ: Դրանք խուցերի դռներն են: Այն խուցերի, ուր մի ժամանակ, իջևանել են ուխտավորները: Այժմ, այլևս ուխտավորներ չեն գալիս, իսկ խուցերում ապրում են պարսիկ ու թուրք արհեստավորներ, բանվորներ»:

 

Հայ  բանաստեղծ,արձակագիր,, թարգմանիչ Մկրտիչ Արմեն