Կայքի հղումներ

    

Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքի պատմությունը

 

Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքը հիմնվել է հայերի կողմից Հին Ջուղայում հաստատվելու առաջին տարում, այսինքն՝ 1606 թ․ Շահ-Աբբաս Բ-ի ժամանակ, ուր կառուցվել է նաև փոքր մի եկեղեցի, որը հետագայում. Մայր Տաճար լինելու պահանջներին համապատասխանելու համար, առաջնորդարանի ու միաբանական սենյակների (խուցերի) հետ միասին ենթարկվել է վերակառուցման: 

 

Ներսի պատերին պատկերված են դրվագներ. Ս.Գրիգոր Լուսավորիչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։ Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ՝ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից։

1702 թվականին Մայր Տաճարի արեւմտյան կողմում՝ Աղա Հովհաննես Ջամալյանի բարերարությամբ, կառուցվել է մի եռահարկ շքեղ զանգակատուն:

Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքը մի հաստատություն է, որը ոչ միայն Նոր Ջուղայի ու իրանահայության, այլ համայն հայ ժողովրդի պարծանքն է համարվում, որի հոգեւորականներից մի քանիսը բազմել են Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսական գահին։

Վանքի գիտնական ու արժանավոր հոգեւորականներ, թվին են պատկանում ՝  Խաչատուր Վրդ. Կեսարացին, ով հիմք դրեց Միջին Արեւելքի առաջին տպարանին, Հովհաննես վարդապետը, ով Ավետարանը թարգմանեց պարսկերեն, Սիմեոն Վրդ. Ջուղայեցին, որ գրեց «Քերականություն» ու «Տրամաբանություն» գրքերը և այլն։

Առաջնորդարանի հին շենքը քանդվել է և 1860ականներին Տաճարի հարավարեւելյան կողմում կառուցվել է առաջնորդարանի երկհարկանի նոր շենքը, իսկ 1915 թվականին, Տաճարի արեւելյան կողմում կառուցվել է առաջնորդարանին պատկանող երկրորդ երկհարկանի շենքի, ինչպես նաև որոշ փոփոխություններ են կատարվել նախկին շենքում։

Հին առաջնորդարանը 1930-ական թվականներից մինչև 1970 թվականը, ծառայել է որպես գրադարան, իսկ հետագայում վերածվել է առաջնորդարանի գրասենյակ-ընդունարանի։ 

  1905 թ. Մայր Տաճարից դեպի հյուսիս, միաբանական նախկին խուցերի տեղում՝ Թադեոս ՏերՀովհանյանի բարերարությամբ ի հիշատակ իր հոր՝ Նոր Ջուղայի պատմագիր Հարություն Տեր-Հովհանյանի, կառուցվել է մի այլ շենք, որի ճակատին հախճապակու վրա գրված է «ԱՄԵՆԱՓՐԿՉԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ»։ Այս շենքը մինչեւ 1930ական թվականները ծառայել է որպես մատենադարան, իսկ երբ նույն թվականներին հիմք է դրվել թանգարանին, գրքերը փոխադրվել են հին առաջնորդարանի շենքը, ապա երբ 1971 թվականին, թանգարանի համար, դրա արեւելյան կողմում, կառուցվել է երկհարկանի մի առանձին շենք, գրքերը կրկին փոխադրվել են իրենց նախկին տեղը՝ մատենադարան-գրադարանի շենք։

Վանքի բակում է կառուցվել միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանի երկհարկանի շենքը։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ,18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև անվանի եվրոպացի նկարիչների գործեր ու Հայաստանի թագավորների պատկերներով ոսկեդրամներ։ 

Բանաստեղծների, անվանի գրողների և Խաչատուր Կեսարացու կիսանդրինները տեղադրված են մուտքի դռան առջև։ 1905 թ․, Մայր Տաճարի հյուսիսային կողմում, եկեղեցուն կից, կառուցվել են նաև երկու սենյակ, իսկ դարպասի մուտքի վերևում 1931 թվականին,կառուցվել է մի քառակուսի աշտարակ, որի վրա դրվել է մի մեծ ժամացույց։

1930-կան թվականներին կառուցվել է մատենադարանի մի նոր շենք, որի առջեւ

1975 թվականին մի հուշարձան է կառուցվել  ի հիշատակ 1915 թվականի Մեծ Եղեռնի մեկ ու կես միլիոն հայ նահատակների։