Կայքի հղումներ

    

Սուրբ Ղուրանի նոր թարգմանություն - Սուրահ «Հաջ» 

 

Սուրահ «Հաջ»

 

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

 

 

  1. 1.           Ո՛վ մահկանացուներ, երկնչեք Տիրոջից, որովհետև դատաստանի օրվա երկրաշարժն ահավոր է լինելու:

 

  1. 2.           Այդ օրը (այնպիսի սարսափ է տիրելու մարդկանց սրտերում), որ ստնտուն մոռանալու է իր կաթնակեր մանկանը, հղի կանայք վիժելու են: Մարդիկ հարբածի նման են լինելու, երբ հարբած չեն։ Խիստ է Աստծո պատիժը:

 

  1. 3.           Մարդիկ մեծ մասամբ վիճում են առանց Աստծո մասին տեղեկություն ունենալու: Նրանք հետևում են ահնազանդ սատանային:

 

  1. 4.           Գրված է, որ սատանան մոլորեցնելու և տանելու է դեպի դժոխք նրանց, որոնք իրեն որպես պաշտպան են ընդունում:

 

  1. 5.           Ո՛վ մահկանացուներ, եթե կասկածում եք հարության օրվան, հիշեք այն աստիճանները, որոնցով ձեզ անցկացրինք: Սկզբում ձեզ հողից ստեղծեցինք, հետո սաղմից, ապա թանձրացած արյունից, այնուհետև մի կտոր մսից ձևավորված ու չձևավորված: Մենք որոշեցինք այն ժամանակը, երբ դուք պարտավոր եք մնալ ձեր մայրերի արգանդում: Մենք ենք, որ ձեզ այնտեղից դուրս ենք բերում որպես մանուկներ: Անուհետև դուք հասնում եք չափահասության տարիքին: Շատերը մահանում են այդ տարիքին չհասած: Ոմանք հասնում են խոր ծերության ու մոռանում այն ամենը,  ինչ սովորել էին: Նայիր այն հողին, որ երաշտից անպտուղ դարձավ: Մենք անձրև ենք տեղում այդ հողի վրա, և այն իրար է գալիս ու արտադրում ամեն տեսակ բույսեր, որ կազմում են իր զարդն ու հարստությունը:

 

  1. 6.           Այս (հրաշքներն) ապացուցում են, որ Աստված Ինքն է ճշմարտությունը, որ կյանք է տալիս մեռածներին, ու Նրա  զորությունն ընդգրկում է տիեզերքը:

 

  1. 7.           Եվ որ Ժամը հնչելու է: Այս մասին կասկածել պետք չէ: Աստված կյանք է տալիս այն աճյուններին, որոնք գտնվում են գերեզմաններում:

 

  1. 8.           Մարդկանց մի խումբ Աստծո մասին վիճում է առանց գիտության ջահով լուսավորված լինելու և առանց լուսավորող Գրքի։  

 

  1. 9.           Նրանք գոռոզամտորեն շրջում են իրենց գլուխները, որպեսզի իրենց նմաններին հեռացնեն ուղիղ ճանապարհից: Այսպիսի մարդիկ նախատինքով են ծածկվելու այս աշխարհում ու հարության օրը կրելու են պատիժները:

 

  1. 10.        Նրանց ոճիրների վարձատրությունը սա է լինելու. Աստված բռնություն չի գործադրում իր ծառաների նկատմամբ:

 

  1. 11.        Մարդկանց մեջ կան այնպիսիները, ովքեր Աստծուն պաշտում են միայն խոսքով: Երբ հաջողության են հասնում, հաստատակամ են լինում, սակայն ամենափոքր դժբախտության ժամանակ երես են թեքում: Այսպիսի մարդը և՛ աշխարհիկ, և՛ հանդերձյալ կյանքում վնասարարներից է: Սա է այն վնասը, որ պարզ է բոլորի համար:

 

  1. 12.        Նրանք պաշտում են այնպիսի չաստվածների, ովքեր ոչ կարող են օգնել իրենց, ոչ էլ վնասել: Ողբալի մոլորություն:

 

  1. 13.        Նրանք օգնության են կանչում այն չաստվածներին, որոնք ավելի աղետաբեր են լինելու,քան օգտակար: Վայ այդ տեսակ պաշտպաններին, ու վայ իրենց պաշտողներին:

 

  1. 14.        Աստված առաքինի հավատացյալներին մտցնելու է գետերով ոռոգված պարտեզների մեջ: Նա անում է այն, ինչ ցանկանում է:

 

  1. 15.        Նա, ով կարծում է, որ (մարգարեն) այս աշխարհում և հանդերձյալ կյանքում աստվածային օժանդակությունից զուրկ է մնալու, թող իր բնակարանի տանիքից մի պարան կապի ու (կախվի): Թերևս այս արարքը մեղմացնի նրա զայրույթը:

 

  1. 16.        Մենք (Ղուրանը) երկնքից իջեցրինք (որպես) լուսավորող նշաններ:Աստված առաջնորդում է նրանց, ում ցանկանում է:

 

  1. 17.        Հարության օրը Աստված դատելու է հավատացյալներին, հրեաներին, սաբեականներին, քրիստոնյաներին, զրադաշտականներին, կռապաշտներին, որովհետև Նա ամեն բան տեսնում է:

 

  1. 18.        Չե՞ս տեսնում, որ երկինքներում ու երկրի վրա ամեն բան պաշտում են Աստծուն: Չե՞ս տեսնում, որ արևը, լուսինը, աստղերը, լեռները, ծառերը, կենդանիներն ու մարդկանցից շատերը նրան պաշտում են: Բայց մահկանացուներից շատերը չարչարանքներ են կրելու:Աստծո կողմից արհամարվածն ամոթով է ծածկվելու: Աստված անում է այն, ինչ ցանկանում է:

 

  1. 19.        Այս երկու խումբը (հավատացյալներն ու անհավատները) իրար հակառակորդներ են ու վիճում են Աստծո մասին: Բայց անհավատները հրեղեն զգեստներ են հագնելու, ու նրանց գլխին եռացող ջուր է թափվելու:

 

  1. 20.        Այդ ջուրը պատառոտելու է նրանց կաշին ու այն, ինչ նրանց ներսում է:

 

  1. 21.        Եվ նրանք ծեծվելու են երկաթե գավազանով:

 

  1. 22.        Ամեն անգամ, երբ ցավը նրանց կրակից դուրս նետի,  կրկին այնտեղ են ընկնելու, և նրանց ասվելու է. «Ճաշակե՛ք կրակի պատիժը»:

 

  1. 23.        Աստված առաքինի հավատացյալներին մտցնելու է գետերով ոռոգված պարտեզների մեջ: Նրանք զարդարվելու են մարգարտաշար ոսկե ապարանջաններով ու մետաքսյա զգեստներ են հագնելու:

 

  1. 24.        Որովհետև նրանք առաջնորդվեցին` լսելու բարի խոսքեր, ու քայլեցին փրկության ճանապարհով:

 

  1. 25.        Այն անհավատները, ովքեր հավատացյալներին հեռացնում են Աստծո ճանապարհից ու նվիրական տաճարից, ուր պետք է այցելեն բոլոր մարդիկ՝ լինեն Մեքքայից, թե օտարական, եվ բոլոր նրանք, որ նպատակ ունեն այնտեղ չարիք գործել, կրելու են մեր խիստ պատիժները:

 

  1. 26.        Երբ մենք Աբրահամին ցույց տվեցինք տաճարի վայրը, նրան պատվիրեցինք թույլ չտալ այնտեղ պաշտել կուռքերին, այն մաքուր պահել հավատացյալների համար, որոնքպտտվում են դրա շուրջը և աղոթում ու երկրպագում են Աստծուն:

 

  1. 27.        Ավետիր ժողովուրդներին նվիրական ուխտագնացության մասին։  Թող կատարեն այն քայլելով կամ նիհարակազմ (արագաշարժ) ուղտերով, թող գան ամենահեռավոր երկրներից:

 

  1. 28.        Նրանք պիտի տեսնեն, թե որքան առավելություններ են ստանալու այնտեղ: Նշանակված օրերին Աստծուն պաշտամունք են մատուցելու, որ իրենց թույլատրել է ուտել կենդանիների միսը: Սնվեցեք դրանցով ու աղքատներին նույնպես կշտացրեք:

 

  1. 29.        Թող նրանք վերացնեն անմաքրությունները, հավատարիմ մնան իրենց պայմանին (Աստծո և ժողովրդի հետ) և կատարեն հնամենի տաճարի շուրջը պտույտը:

 

  1. 30.        Ով որ վախենա երկնային անեծքից, հաճելի պիտի լինի Աստծո համար: Սնվեցեք այն բոլոր կենդանիներով, որ արգելված չեն: Հեռու մնացեք կուռքերի պղծանքից  սուտ մի խոսեք։

 

  1. 31.        Լինելով մաքուր ու անեղծ և կռապաշտությունից զերծ՝ պաշտեք միակ Աստծուն: Ոչ մեկին նրան հավասար մի դասեք: Կշապաշտը նմանվելու է նրան, ովր երկնքից իջած թռչունների որսն է դարձել կամ ընկել է մի ամայի տեղ։

 

  1. 32.        Այսպիսին է (Հաջի ծիսակարգը), և ով որ մեծարի կրոնական այս ծիսակատարությունը, հիրավի, դա  իր սրտի ողորմության (ապացույցը) կլինի։ 

 

  1. 33.        Ահա (մատաղ անելու համար նախատեսված կենդանիները) շահելու եք դուք. մինչև որ նշանակված ժամը հասնի՝ այդ ժամանակ դրանց մատաղ արեք նվիրական տաճարի մոտ:

 

  1. 34.        Ամեն ազգի համար սահմանեք նվիրական ծեսեր, որպեսզի շնորհակալ լինեն Աստծուն, որ ապրուստի միջոց է տվել իրենց օգտակար հոտերից: Միակ Աստծուց բացի այլ աստված չկա: Հնազանդվեք Նրան և խոնարհներին ավետեք երանությունը:

 

  1. 35.        Նրանց (համար սահմանեք), ովքեր (Աստծո) հիշատակը երկյուղով պահում են, ովքեր համբերությամբ տանում են իրենց բաժին հասած դժվարությունները, ովքեր աղոթում են ու աղքատներին տալիս այն հարստության մի մասը, որ իրենց ենք տվել…

 

  1. 36.        Ուղտերը պետք է ծառայեն Բարձրյալին: Դուք դրանցից ստանալու եք բազմատեսակ առավելություններ: Աստծո անունը կանչեք այն ուղտերի վրա, որ մատաղ եք անելու։ Թող նրանք ոտքի վրա լինեն: Երբ կողքի վրա ընկնեն՝ կերեք նրանց միսը ու բաժանեք կարիքավորներին: Նրանց այսպես ձեզ ենթարկեցինք: Թերևս շնորհակալ լինեք (այս բարիքի համար):

 

  1. 37.        Ոչ նրանց մսերը և ոչ էլ արյունը Աստծուն չեն հասնելու: Ձեր բարեպաշտությունն է, որ հասնում է Նրան: Աստված այսպես նրանց ձեզ ենթարկեց, որպեսզի փառաբանեք Նրան, որ ձեզ առաջնորդեց: Ավետիս տուր բարեգործներին:

 

  1. 38.        Աստված  հավատացյալներին պաշտպանում է, որովհետև ատում է ապերախտ խաբեբային: 

 

  1. 39.        Նրանց, ում պատերազմ է պարտադրվել, թույլատրվում է մարտնչել (թշնամու դեմ), քանզի նրանք բռնության են ենթարկվել: Աստված կարող է պաշտպանել նրանց:

 

  1. 40.        Նրանք իրենց ընտանեկան հարկից դուրս հանվեցին, որովհետև միակ Աստծուն էին պաշտում: Եթե Աստված մարդկանց մի մասին մյուսի դեմ չհաներ՝ վանքերը, քրիստոնյաների եկեղեցիները, սինագոգներն ու մզկիթները քանդված կլինեին: Այս նվիրական վայրերում է  Բարձրյալը փառաբանվում: Աստված անշուշտ սատարում է նրանց, ովքեր սատարում են Իրեն (և հավատքի համար կռվում), որովհետև հզոր ու ամենակարող է Նա:

 

  1. 41.        Նա աշխարհի վրա զորացնելու է նրանց, որոնք աղոթում են ու ողորմություն տալիս, արդար են ու մարտնչում են անօրինության դեմ: Աստված ամեն ինչի վերջն է:

 

  1. 42.        Եթե քեզ հերքեցին,  հիշիր, որ Նոյի, Ադի և Սամուդի ժողովուրդներն էլ (իրենց մարգարեներին) հերքեցին:

 

  1. 43.        Աբրահամի և Ղովտի ցեղերը նույնպես։

 

  1. 44.        Մադայանի ժողովուրդն էլ (այդպես վարվեցին իրենց մարգարեների հետ): Մովսեսին նույնպես ստախոս հռչակեցին: Ես ամբարիշտներին ժամանակամիջոց տվեցի ու հետո պատժեցի: Իմ պատիժներն ահավոր եղան:

 

  1. 45.        Քանի-քանի ոճրագործ քաղաք քանդեցինք: Դրանք հիմա թաղված են իրենց ավերակների տակ: Քանի-քանի հոր երեսի վրա թաղվեցին, ու քանի ամրոց հիմնահատակ ավերվեցին:

 

  1. 46.        Նրանք երբեք չե՞ն ճամփորդել, սիրտ չունե՞ն խորհելու և ականջ՝ լսելու համար: Նրանց աչքերը կույր չեն: Միայն նրանց սրտերը թաղված կրծքում, ոչինչ չեն տեսնում:

 

  1. 47.        Նրանք քեզ պիտի ստիպեն, որ մոտեցնես երկնային պատիժը: Ասպտված երբեք չի դրժում Իր խոստումը: Աստծո  մեկ օրը հազար տարի  է ձեզ համար:

 

  1. 48.        Քանի-քանի քաղաք, որ երկար տարիներ բարգավաճում էին, բնաջնջվեցին այն ժամանակ, երբ թաղվեցին հանցանքի մեջ: Նրանք բոլորը դեպի Ինձ են վերադառնալու։

 

  1. 49.        Ասա. «Ով մահկանացուներ, ճշմարտությունն եմ քարոզում ձեզ»:

 

  1. 50.        Առաքինի հավատացյալները վարձատրվելու են գթությամբ ու շքեղ պարգևով:

 

  1. 51.        Նրանք, որոնք փորձեն ոտնակոխ անել (Ղուրանի)  վարդապետությունը՝ կարծելով, որ կարող են մեզ թուլացնել, դժոխքի բաժին կդառնան:

 

  1. 52.        Քեզանից առաջ քանի մարգարե ուղարկեցինք: Սատանան իր մոլորյալ մտքերը տվեց նրանց: Բայց Աստված քանդում է  սատանայի արարքները, և աստվածային պատվիրանները մնում են մաքուր: Աստված գիտուն և իմաստուն է:

 

  1. 53.        Նա սատանայի  արարքները թույլատրում է, որպեսզի կուրանան նրանք, ում սիրտը կարծրացած ու փտած է: Ամբարիշտները խորասուզվել են (արդարությունից) հեռու թշնամանքի մեջ:

 

  1. 54.        Նրանք, որ ընդունել են գիտությունը, համոզված են, որ (Ղուրանը) հավիտենական ճշմարտությունն է ու հավատում են դրան: Նրանց սրտերն ապահովությամբ հանգչում են այս հավատքի վրա, և Աստված հավատացյալներին առաջնորդում է դեպի փրկության ճանապարհ:

 

  1. 55.        Անհավատները չեն դադարի կասկածել, մինչև որ ահավոր ժամը հանկարծակիի բերի իրենց, և կրեն ահավոր օրվա սարսափելի չարչարանքները:

 

  1. 56.        Այդ օրը իշխանությունն Աստծուն է պատկանում: Նա պիտի դատի (մահկանացուներին): Այն հավատացյալները, որոնք բարիք են գործել, երանության պարտեզների մեջ են լինելու:

 

  1. 57.        Զարհուրելի պատիժ է բաժին հասնելու անհավատներին ու նրանց, ովքեր մեր նշանները սուտ են համարել:

 

  1. 58.        Նրանք, ովքեր գաղթեցին հանուն Աստծո և (հավատքի դրոշի տակ) սպանվեցին կամ մահացան բնական մահով, անշուշտ բարի վարձատրություններ են ստանալու: Աստված  լավագույն բարիք նվիրողն է:

 

  1. 59.        Աստված նրանց տանելու է մի բնակավայր, որով պիտի հրապուրվեն: Նա իմաստուն է ու շատ համբերատար։

 

  1. 60.        Յուրաքանչյուր ոք իր բռնավորին պետք է պատժի այնքան, որքան (վերջինս) նեղել է իրեն:(Այսքանից հետո) նոր բռնության ենթարկվելու ժամանակ կունենա Աստծո աջակցությունը: Աստված գթած և ողորմած է:

 

  1. 61.        Նա ցերեկվան հաջորդել է տալիս գիշերը և գիշերվան՝ ցերեկը: Նա ամեն բան տեսնում և լսում է: 

 

  1. 62.        Նա  է ճշմարտությունը: Սուտ են այն ամենը, ինչ կանչում են Նրա փոխարեն։ Աստված վեհ ու բարձրյալ է:

 

  1. 63.        Չտեսա՞ր, որ Աստված երկնքից անձրև իջեցրեց, ու անմիջապես երկիրը ծածկվեց կանաչով: Նա ճշմարիտ ու կանխատեսող է:

 

  1. 64.        Նա Տերն է երկինքների ու երկրի էակների: Փառավորյալ է Նա:

 

  1. 65.        Չե՞ս տեսնում միթե, որ Աստված ձեր կարիքների համար հատկացրել է այն ամեն ինչ պարունակում է երկիրը, որ նավերն իր հրամանով ճեղքում են ալիքները: Նա ձեր գլխի վրա պահել է երկինքը, որպեսզի այն չփլվի երկրի վրա, բացառությամբ այն պահի, երբ Ինքը թույլ տա: Նա գթած ու ողորմած է։

 

  1. 66.        Նա է, որ ձեզ կյանք  է տվել: Նա է, որ մահ է ուղարկում և հարություն տալիս: Բայց մարդը շատ ապերախտ է:

 

  1. 67.        Յուրաքանչյուր ազգի համար նվիրական ծեսեր հաստատեցինք: Թող հարգեն այդ ծեսերը ու թող չվիճեն քեզ հետ այս մասին: Կանչիր նրանց դեպի քո Աստված: Դու ճշմարիտ ճանապարհի վրա ես:

 

  1. 68.        Եթե վիճեն, ասա նրանց՝. Աստված քաջատեղյակ է ձեր արարքներին:

 

  1. 69.        Նա ձեր մեջ եղած անհամաձայնությունները դատելու  է հարության օրը:

 

  1. 70.        Դուք չգիտեի՞ք, որ Աստծո գիտությունն ընդգրկում է երկինքներն ու երկիրը: Ամեն բան գրված է Գրքում: Ամեն ինչ հեշտ է Բարձրյալի համար:

 

  1. 71.        Կուռքերին ընծայած նրանց պաշտամունքը թույլատրված չէ Աստծո կողմից: Նրանք գիտությամբ չեն առաջնորդվում: Չարագործների համար չի լինելու ոչ մի պաշտպան:

 

  1. 72.        Երբ անհավատները լսեն մեր լուսավոր այաները, կզայրանան: Նրանք պատրաստ են նետվել ընթերցողի վրա: Ասա՛՝ ձեզ ներկայացնե՞մ  ավելի ահավոր բան՝ Աստված անհավատների համար պահել է դժոխքի կրակը: Վայ նրանց որ դրա մեջ են գահավիժելու:

 

  1. 73.        Ո՛վ մարդիկ, լսեք այս առակը. ձեր պաշտած կուռքերն անգամ մի ճանճ չեն կարող ստեղծել: Նրանք իզուր են փորձում: Եվ եթե անգամ մի փոքրիկ ճանճ հափշտակի ամենափոքր առարկան, նրանց համար անհնար է այն հետ վերցնել: Կռապաշտն ու կուռքը հավասարապես անկարող են (որևէ բան անել):

 

  1. 74.        (Մարդիկ) Աստծուն իսկապես չեն գնահատում: Նա հզոր ու կարող է:

 

  1. 75.        Աստված իր առաքյալներին ընտրում է հրեշտակների ու նաև մարդկանց միջից: Նա ամեն բան տեսնում և լսում է:

 

  1. 76.        Նա ճանաչում է անցյալը և ապագան: Ամեն բանի վախճանն է Նա:

 

  1. 77.        Ո՛վ հավատացյալներ, ծնկի իջեք ու պաշտեք Աստծուն: Բարիք գործեք ու երջանիկ կլինեք:

 

  1. 78.        Քաջությամբ պայքարեք Աստծո դրոշի տակ: Դուք Նրա ընտրյալներն եք: Նա ձեր կրոնի մեջ դժվար պատվեր չի տվել: Ձեր հոր`Աբրահամի կրոնն է, որ դավանում եք: Նա է, որ ձեզ սրանից առաջ մուսուլման անվանեց: (Ղուրանը հաստատում է սա): Որպեսզի Իմ առաքյալը ձեր առաջ վկա լինի, դուք էլ վկայություն պիտի տաք մարդկային ցեղի առաջ: Ուրեմն աղոթեք, ողորմություն տվեք, ապավինեք Աստծուն: Աստված ձեր Տերն է,  և ինչպիսի Տեր ու ինչպիսի պաշտպան:

 

Սուրահ «Հաջ»