Կայքի հղումներ

    

 

Երևանի Կապույտ Մզկիթի հավաքական աղոթքի իմամ Ալի Շաջաանը և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական՝ Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին մասնակցեցին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված տարածաշրջանի կայուն խաղաղությանը նվիրված համաժողովին:

 Խաղաղության հաստատման ուղիների որոնման նպատակով հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ»  խորագրով միջազգային համաժողովը:

Խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված այս միջոցառումը վարում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը, Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և «Ինտեգրացիա և զարգացումե հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Համաժողովը բացվեց տերունական աղոթքով, որից հետո ողջույնի և բացման խոսք հղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլևը և Երևանի Կապույտ Մզկիթի հավաքական աղոթքի իմամ Ալի Շաջաանը:

«Կրոնների և մշակույթների դերը խաղաղության և համագործակցության հաստատման գործընթացումե թեմայի վերաբերյալ ելույթ ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Հատկապես մեծ ընդունելության արժանացավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական՝ Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի զեկույցը նվիրված տարբեր կրոններում առկա համամարդկային արժեքների և խաղաղ համագոյակցության հարցերի շուրջ համանման կոչերին: Պարոն Հեյդարին մեջբերելով տարբեր կրոններից հատվածներ փաստեց, որ բոլոր կրոններում էլ մարդկային արժեքների և խաղաղության պահպանման հարցը  շատ է կարևորվում, և եթե մարդիկ իրենց կյանքը կազմակերպելիս արժևորեն Աստծո պատգամները, ավելի շուտ կհասնեն կայուն խաղաղության և կապրեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում, և նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը  մեծապես նպաստում է տարբեր հարթակներում երկխոսության ձևավորմանը և հող նախապատրաստում կայուն խաղաղության հաստատման համար։ Հարգարժան պարոն Հեյդարին իր խոսքի վերջում իբրև միջկրոնական հանդուրժողականության և հարգանքի լավագույն նմուշ կիսվեց իրանական զինվորների մարդկային ազնիվ արարքի մասին պատմությամբ, համաձայն որի՝ երբ Սիրիական բանակին օգնության հասած իրանական զինվորները Իսլամական պետության ահաբեկչական զորքերին պարտության մատնելով ազատագրում են մի հայկական եկեղեցի ՝ զինվորներից մեկը բարձրացնում է գետնին նետված սուրբ կույս Մարիամի արձանը և սեփական հագուստով մաքրելով տեղադրում իր տեղում։ Զինակից ընկերները, տեսնելով այս մարդասիրական քայլը, կիսվում են այս նկարով համացանցում, իսկ Լիբանանի առողջապահության նախարարն այն տեղադրում է անձնական էջում՝ դրան կցելով հետևյալ հաղորդագրությունը. «Ով Մարիամ, հանգիստ կաց, քանզի Հիսուսը կրկին չի խաչվելու, որովհետև օգնության են հասել սուրբ Զահրայի որդիները»: Հայտնի է, որ իրանցի շիա կրոնի հետևորդները իրենց անվանում են՝ Իսլամի մեծ մարգարեի հարգարժան դուստեր և Իմամ Ալիի հավատարիմ տիկնոջ՝ Հազրաթ Ֆաթիմայի որդիներ։

Պարոն Հեյդարիից հետո ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հանդես եկան Հայաստանի և հարևանների միջև հարաբերությունների զարգացման մասին զեկույցով:

Տարածաշրջանային բազմազանության մարտահրավերների և հնարավորությունների մասին իրենց մոտեցումը ներկայացրին Թուրքիայից ժամանած մարդաբան Ադնան Չելիքը, լրագրող Սերդար Քորուջուն, Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին, Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար, քաղաքագետ Յանա Ամելինան, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, նույն բուհի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը:

Մասնակիցների զեկույցներում գերիշխում էր այն կարծիքը, որ հակամարտությունների և փակ սահմանների ցավալի իրողությունների կարգավորման գործում խաղաղ բանակցություններին և կառուցողական երկխոսությանը բանական այլընտրանք չկա: Նրանք համոզմունք հայտնեցին՝ պաշտոնական մակարդակով վարվող բարձրաստիճան բանակցություններին զուգընթաց մեծ կարևորություն ունեն նաև տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների, հասարակական, միջկրոնական և միջմշակութային շփումները, երկխոսության հարթակների հաստատումն ու հզորացումը:

Մասնակիցները նաև համոզմունք հայտնեցին, որ միջկրոնական կապերը և համագործակցությունը հզոր գործոն կարող են հանդիսանալ տարածաշրջանի ժողովուրդների միջև գործնական համագործակցության հաստատման համար և նպաստել հանդուրժողականության տարածմանը:

Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի միջև բազմադարյա բարեկամական և գործընկերային հարաբերությունների ավանդույթը բարձր գնահատելով՝ մասնակիցները հույս հայտնեցին, որ ապագայում կհարթվեն և կկարգավորվեն նաև հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև կհաստատվեն առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ:

Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին բոլոր հնարավոր միջոցներով ներդրում ունենալ երկխոսության և խաղաղության հաստատման պատվաբեր գործում, ինչը կթուլացնի առկա միջազգային լարվածությունը և զգայուն իրավիճակը և կնպաստի խաղաղության ու կայունության հաստատմանը:

http://yerevanmasjed.ir/hy